22/09/2021
Ի՞նչ նոր համաձայնագիր է ստորագրելու Փաշինյանը Մոսկվայում

Ի՞նչ նոր համաձայնագիր է ստորագրելու Փաշինյանը Մոսկվայում

Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ տեղի կունենա եռակողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պաշտոնական լրատվություն դարձյալ չի տրվում այցի նպատակների և հնարավոր համաձայնագրերի, փաստաթղթերի ստորագրման մասին։ Հիմնականում ենթադրություններ են, թե հանդիպման նպատակն է՝ հստակեցումներ կատարել 2020թ․նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համատեքստում:

168.am-ի տեղեկություններով, սակայն, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում, ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրելու է Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) մտնելու համաձայնությունը։ Այսինքն՝ նշված համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի հետ գործընկերներ ենք դառնալու։

Բնականաբար, այս իրադարձությունը չի կարող անհետևանք մնալ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, որ մշտապես Եվրոպային շանտաժի է ենթարկել ԵԱՏՄ հնարավոր անդամակցության հեռանկարով, այնուամենայնիվ, լուրջ դժգոհություններ ունի այս կապակցությամբ։ Այդպիսով, Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում նվազեցվում է, և Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում ադրբեջանական նավթային և գազային հնարավորությունները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նաև փաստաթուղթ է ստորագրելու՝ Ադրբեջանին Մեղրիով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք տրամադրելու մասին։

Ի դեպ, այսօր Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել էր նաև նշված ցամաքային միջանցքին: Նա մասնավորապես ասել էր․

«ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է, և այս համատեքստում՝ նաև Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապ հաստատելու:

Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների՝ Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն և հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արևելյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև (․․․)»։

Այսինքն, պետք է ենթադրել, որ այդ հարցի քննարկումն օրակարգում կա:

Որոշ կարծիքների համաձայն՝ աշխարհաքաղաքական որոշ կենտրոններ շատ շուտով Հայաստանում կակտիվացնեն ներքաղաքական հակառուսական բևեռը՝ առանձին գործիչների և քաղաքական որոշ ուժերի (այդ թվում՝ նորաստեղծ), չեն բացառվում ներքաղաքական սրացումները ՀՀ-ում, ինչպես նաև տարածաշրջանում Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի կողմից անկայունության հանգեցնող նոր գործողությունները, ընդհուպ՝ նոր պատերազմի հրահրումն ու Ադրբեջանում հնարավոր իշխանափոխությունը։

Ի դեպ, Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծող գործիչներն ու ուժերը (այդ թվում՝ սորոսական շրջանակները), արդեն սկսել են գործընթացը՝ հարցազրույցների միջոցով Արցախյան այս պատերազմի հրահրման, դաժան պարտության և կապիտուլյացիոն համաձայնագրի մեղավոր կարգելով բացառապես Ռուսաստանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *